Social Media Sharing Snapshot
In partnership with UCLA's Fielding School of Public Health and support from the Institute of American Cultures

COVID-19 コロナウイルス կորոնավիրուս 코로나 바이러스 कोरोनावाइरस

MULTILINGUAL RESOURCE HUB

#translatecovid #UCLAAASC #UCLAFSPH


COVID-19 Vaccine

ՔՈՎԻԴ-19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ (ՀՏՀ)

Թարմացվել է 2/1/2021

Ինչո՞ւ է կարևոր ստանալ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստում:

Պատվաստանյութը կօգնի ձեզ խուսափել ՔՈՎԻԴ-19-ով վարակվելուց: Այն նաև կօգնի մեզ ավելի արագ հաղթահարել համավարակը:

ՔՈՎԻԴ-19-ը շատ լուրջ և շատ վարակիչ հիվանդություն է: ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով արդեն մահացել է շուրջ 400 000 ամերիկացի: Համեմատության համար նշենք, որ սեզոնային գրիպի հետևանքով 2019 թվականին մահացել է 34 000 ամերիկացի: Պատվաստում ստանալու դեպքում դուք կօգնեք ձեզ և այլոց խուսափել ՔՈՎԻԴ-19-ով վարակվելուց։

Ինչպե՞ս է գործում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութը:

Պատվաստանյութի օգնությամբ մարմինը ճանաչում է ՔՈՎԻԴ-19-ն առաջացնող վիրուսը։ Հենց որ ձեր մարմինը տեղեկանում է, թե ինչպիսին է վիրուսը, մարմնի պաշտպանիչ համակարգը կարողանում է պայքարել վիրուսի դեմ։

Պատմեք ինձ ավելին: Ինչպե՞ս են պատվաստանյութերը պաշտպանում ձեզ վիրուսներից։

Ձեր մարմինը բնական եղանակով ստեղծում է սպիտակուցներ, որոնք կոչվում են հակամարմիններ: Այս հակամարմինները պայքարում են վնասաբեր վիրուսների դեմ, որոնք ներթափանցում են ձեր մարմին: Այնուամենայնիվ, հակամարմինները պետք է իմանան, թե որ վիրուսների դեմ պայքարեն: Նոր վիրուսը կարող է ներթափանցել ձեր մարմին՝ առանց հակամարմինների կողմից ճանաչվելու: Եթե նման բան տեղի ունենա, վիրուսը կարող է գրոհել, նախքան ձեր մարմինը կարողանա հակազդել: Պատվաստանյութը սովորեցնում է ձեր մարմնին արագ ճանաչել վնասաբեր վիրուսը և ստեղծել հակամարմիններ՝ դրա դեմ պայքարելու համար: Պատվաստանյութերից ոչ մեկը կենդանի վիրուս չի պարունակում, ուստի ստիպված չեք լինի անհանգստանալ ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու մասին։

Արդյո՞ք պետք է պատվաստվեմ ՔՈՎԻԴ-19-ի դեմ:

Մենք խրախուսում ենք 16 տարեկան կամ ավելի մեծ տարիքի բոլոր անձանց պատվաստում ստանալ:

Այնուամենայնիվ, դուք պետք է ճշտեք ձեր բժշկի հետ, եթե հղի եք: Եվ դուք չպետք է պատվաստվեք, եթե երբևէ ծանր ալերգիկ ռեակցիա եք ունեցել պատվաստանյութի ցանկացած բաղադրիչի նկատմամբ: Խոսե՛ք ձեր բժշկի հետ, եթե ալերգիկ ռեակցիաներ ունեք կամ ձեզ մոտ հարցեր են առաջացել:

Արդյո՞ք ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութն անվտանգ է։

Այո՛: ԱՄՆ-ի Սննդի և դեղորայքի վերահսկողության վարչությունը (FDA) հաստատում է պատվաստանյութերը, միայն երբ դրանք ճանաչվում են որպես անվտանգ և արդյունավետ: Որպեսզի պատվաստանյութը հաստատվի, գիտնականները փորձարկում են յուրաքանչյուր նոր պատվաստանյութ բազմաթիվ մարդկանց վրա՝ համոզվելու, որ այն անվտանգ է և արդյունավետ:

Pfizer ընկերության պատվաստանյութը փորձարկվել է ավելի քան 40 000 ամերիկացու վրա, իսկ Moderna ընկերության պատվաստանյութը՝ 30 000-ի վրա: Այս փորձարկումները ցույց են տվել, որ պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ: Այդ պատճառով FDA-ը հաստատել է Pfizer-ի և Moderna-ի կողմից ստեղծված պատվաստանյութերն արտակարգ իրավիճակներում օգտագործման համար: Հաստատում ստանալու նպատակով ստուգման փուլում են գտնվում այլ պատվաստանյութեր, որոնք հետագայում կարող են հասանելի դառնալ:

Այդքան արագ հաստատվելու դեպքում ինչպե՞ս կարող է պատվաստանյութն անվտանգ լինել:

Յուրաքանչյուր նոր պատվաստանյութ անցնում է անվտանգության և արդյունավետության ստուգում: Դա նաև վերաբերում է Operation Warp Speed ծրագրին, որն արագացրեց պատվաստանյութի փորձարկումը: Այնուամենայնիվ, թեև փորձարկումն ավելի արագ էր, պատվաստանյութն անցել է բոլոր ստանդարտ փուլերը՝ համոզվելու, որ այն անվտանգ է:

Պատվաստանյութերի փորձարկումն իրականացվում է երեք հիմնական փուլերով (կլինիկական փորձարկումների I-ին փուլ, II-րդ փուլ, III-րդ փուլ): I-ին փուլում բժիշկները պատվաստանյութը ներարկում են կամավորներին: Այս հետազոտության նպատակն է ստանալ տեղեկություններ, թե որքան պատվաստանյութ է անհրաժեշտ ներարկել, և այն նախնական գաղափար է տալիս պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ: I-ին փուլում միայն քիչ քանակությամբ մարդիկ են ստանում պատվաստանյութ, քանի որ այն շատ նոր է: Եթե պատվաստանյութն անվտանգ է լինում, այն այնուհետև փորձարկվում է II-րդ փուլում:

II-րդ փուլում պատվաստանյութը փորձարկում են` պարզելու, թե որքանով է այն գործում, և թե ինչ կողմնակի ազդեցություններ կարող են ի հայտ գալ։ Եթե պարզվում է, որ պատվաստանյութն անվտանգ և արդյունավետ է, ապա այն անցնում է III-րդ փուլ:

III-րդ փուլում պատվաստանյութը տրվում է ավելի քան 30 000 մարդու՝ բնակչության տարբեր խմբերի շրջանում պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար:

Սովորաբար, այս երեք փուլերը տևում են երկար տարիներ: Դա պայմանավորված է նրանով, որ ժամանակ է պահանջվում պատվաստանյութերի փորձարկման ֆինանսավորումն ապահովելու, փաստաթղթեր կազմելու և կամավորներ հավաքագրելու համար: Ֆինանսավորում տրամադրելու և փաստաթղթերն ավելի արագ ձևակերպելու շնորհիվ Operation Warp Speed ծրագիրը նպաստեց, որ հետազոտությունն ավելի արագ ընթանա: Այսպիսով, ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը փորձարկվել են երեք փուլում, և ապացուցվել է, որ դրանք անվտանգ և արդյունավետ են:

Ե՞րբ կարող եմ պատվաստվել: Ինչպե՞ս կարող եմ ստանալ պատվաստումը:

Յուրաքանչյուր նահանգ, վարչաշրջան և քաղաք ունի պատվաստանյութը տրամադրելու իր ընթացակարգը: Մարդկանց հերթագրում են ըստ առաջնահերթ խմբերի՝ կախված նրանց տարիքից, աշխատանքից կամ այլ գործոններից: Դուք կարող եք դիմել ձեր բժշկին, գործատուին կամ առողջապահության տեղական բաժանմունք։ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններն ունեն կայքէջ, որը կօգնի ձեզ գտնել առողջապահության ձեր տեղական բաժանմունքը:

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/index.html

Պատվաստանյութի մասին շատ ասեկոսներ ու առասպելներ կան: Որտե՞ղ կարող եմ ստանալ ճշմարիտ և ճշգրիտ տեղեկություններ:

Ճշգրիտ տեղեկությունների լավագույն աղբյուրը ձեր բուժհաստատությունն է կամ ԱՄՆ-ի Առողջապահության պետական մարմնի կայքէջը, օրինակ՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) ինչպես նաև նահանգի կամ վարչաշրջանի տեղական առողջապահական վարչությունը։

Արդյո՞ք կվարակվեմ ՔՈՎԻԴ-19-ով պատվաստանյութ ստանալուց:

Ո՛չ: FDA-ի կողմից հաստատված պատվաստանյութերից դուք չեք վարակվի ՔՈՎԻԴ-19-ն առաջացնող կորոնավիրուսով (որը հայտնի է նաև որպես SARS-CoV2)։

Պատվաստանյութը միկրոչիպ կտեղադրի՞ իմ մարմնում: Արդյո՞ք պատվաստանյութը կհանգեցնի հղիության ընդհատմանը կամ կդարձնի ինձ անպտուղ: Արդյո՞ք դա կփոխի իմ ԴՆԹ-ն:

Ո՛չ: Դրանք բոլորն առասպելներ են: Դրանք իրական չեն:

Որո՞նք են ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցությունները:

Pfizer և Moderna ընկերությունների պատվաստանյութերը որոշ մարդկանց մոտ կարող են կողմնակի ազդեցություններ առաջացնել: Դա նորմալ է: Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններ են`

  • Ցավ ներարկման տեղում, ինչպես նաև այլ մկաններում և հոդերում
  • Հոգնածություն
  • Թեթև տենդ
  • Գլխացավ
  • Սարսուռ

Կողմնակի ազդեցությունները թեթև են, սակայն հաճախ ավելի նկատելի են երկրորդ ներարկումից հետո: Կողմնակի ազդեցությունների մեծ մասն անհետանում են 1-2 օրից:

Պատվաստանյութը կարող է առաջացնել ձեզ մոտ ալերգիկ ռեակցիաներ։ Եթե նախկինում ալերգիկ ռեակցիաներ եք ունեցել, նախքան պատվաստումը խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

Արդյո՞ք պետք է պատվաստվեմ, նույնիսկ եթե արդեն ունեցել եմ ՔՈՎԻԴ-19:

Այո՛: Բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստվել, նույնիսկ եթե դուք արդեն վարակված եք եղել ՔՈՎԻԴ-19-ով։ Որոշ մարդիկ, որոնք հիվանդացել են ՔՈՎԻԴ-19-ով, հայտնում են, որ հետագայում կրկին վարակվել են այդ հիվանդությամբ:

Արդյո՞ք պետք է պատվաստվեմ ՔՈՎԻԴ-19-ի դեմ, եթե հղի կամ կրծքով կերակրող եմ:

Հնարավո՛ր է։ Այժմ պատվաստանյութը կարծես թե անվտանգ է հղի կանանց համար, բայց մենք հաստատ չգիտենք: Դեռ բավականաչափ հետազոտություններ չեն անցկացվել, սակայն ապագայում հնարավոր է՝ մենք կիմանանք այդ մասին։

Խորհրդակցե՛ք ձեր բժշկի հետ: Թե՛ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, թե՛ Մանկաբարձ-գինեկոլոգների ամերիկյան քոլեջը պնդում են, որ դա անձնական ընտրություն է: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել նրանց կայքէջեր:

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/recommendations/pregnancy.html

https://www.acog.org/covid-19/covid-19-vaccines-and-pregnancy-conversation-guide-for-clinicians

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստվելուց հետո արդյո՞ք ես նախկինի պես պետք է դիմակ կրեմ և պահպանեմ սոցիալական հեռավորություն:

Այո: Ներկայումս մենք չգիտենք, թե պատվաստանյութը որքան ժամանակ կպաշտպանի ձեզ վիրուսից: Որոշ պատվաստանյութեր պաշտպանում են ձեզ ողջ կյանքի ընթացքում։ Եվ կան պատվաստանյութեր, որոնք պաշտպանում են ձեզ միայն կարճ ժամանակով: Քանի դեռ մենք չգիտենք, թե պատվաստանյութը որքան ժամանակ կպաշտպանի մեզ, մենք պետք է շարունակենք պահպանել սոցիալական հեռավորություն և դիմակ կրել:

Ներկայիս պատվաստանյութերը կգործե՞ն վիրուսի նոր շտամների դեպքում։

Հնարավո՛ր է։ Շատ փորձագետներ կարծում են, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը պաշտպանելու են որոշ մուտացիաներից: Բայց հնարավոր է նաև, որ պատվաստանյութերն ավելի քիչ արդյունավետ լինեն այլ մուտացիաների դեպքում: Որոշ պատվաստանյութեր գործում են երկար ժամանակ, ինչպես կարմրուկի պատվաստանյութը: Կան պատվաստանյութեր, որոնք ավելի կարճ ժամանակ են պաշտպանում և պետք է նորից ներարկվեն, ինչպես օրինակ, գրիպի դեմ պատվաստանյութը: Դեռ շատ շուտ է իմանալ այդ մասին ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի դեպքում։

Այնուամենայնիվ, այս պատվաստումն ստանալը շատ կարևոր է։ Համավարակը դեռ տարածվում է: Որքան շատ մարդիկ պատվաստվեն, այնքան ավելի արագ մենք կարող ենք վերահսկել համավարակը:

Որքանո՞վ է արդյունավետ պատվաստանյութը:

Moderna և Pfizer ընկերությունների կողմից մշակված պատվաստանյութերը մոտ 95%-ով արդյունավետ են մարդկանց ՔՈՎԻԴ-19-ից պաշտպանելու հարցում։ Դա նշանակում է, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստվելու դեպքում վարակման հավանականությունը մոտ 95%-ով ցածր է, քան եթե չպատվաստվեք։ Այնուամենայնիվ, կա հավանականություն, որ կարող եք վարակվել ՔՈՎԻԴ-19-ով, նույնիսկ եթե պատվաստվել եք:

Այլ պատվաստանյութերի արդյունավետությունը կարող է լինել ավելի բարձր կամ ցածր, քան Moderna և Pfizer ընկերությունների պատվաստանյութերը: Դուք նախկինի պես պետք է դիմակ կրեք, հաճախ լվանաք ձեր ձեռքերը և պահպանեք սոցիալական հեռավորություն, մինչև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հաստատի, որ այդ պրակտիկան դադարեցնելն անվտանգ է:

Ինչո՞ւ իմ երեխաները (մինչև 16 տարեկան) չեն կարող պատվաստվել:

Մենք դեռ չգիտենք՝ արդյոք այդ պատվաստանյութերն անվտանգ և արդյունավետ են երեխաների համար:

Այնուամենայնիվ, գիտնականներն այժմ ուսումնասիրում են այս հարցը: Մենք կարող ենք իմանալ ապագայում, արդյոք այս պատվաստանյութերը թույլատրելի են երեխաների համար:

Որտե՞ղ կարող եմ պատվաստանյութի վերաբերյալ այլ հարցերի պատասխաններ ստանալ:

Disclaimer

The resources collected here are intended to provide basic information about COVID-19 to diverse communities. Please use the resources provided with caution. We do not endorse or assume responsibility for any information offered by third-party websites that are linked through this site. We strongly recommend consulting your personal health care providers and local officials for medical advice and guidelines. Due to the rapidly changing development of knowledge and guidelines around COVID-19, we have worked to confirm the origin of the links and resources to the best of our ability, but we know that some information provided may be out-of-date or incomplete. If you have any questions, please contact us at resources@aasc.ucla.edu or fill out our feedback form for suggestions.